ՈՒղերձ բանտից
31.08.2026 | 11:55
Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում իրենց սրտացավ աղոթքներով, խոսքով, գործով և աջակցությամբ իմ և իմ ընտանիքի կողքին են եղել։
Հիմա, երբ առողջական վիճակս օր-օրի վատթարանում է՝ կենաց ու մահու այս կռվում, ապրելն անգամ դառել է պայքարի միջոց։
2 տարի և 3 ամիս է ինչ գտնվում եմ բանտում՝ անհիմն, կեղծ, շինծու և ապօրինի դատավճռի արդյունքում և դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը։
Միգուցե մենք մի օր կունենանք այն պետությունը, որտեղ հայ լինելը և մարդը կլիննեն բարձրագույն արժեք, այլ ոչ թե թղթի վրա գրված լոկ խոսքեր, բայց հիմա ես միայն տեսնում եմ անարդարություն, անձնական և քաղաքական շահեր, որոնք մահ, ցավ ու տառապանք են պատճառում հայ ժողովրդին։ Իմ առողջական վիճակը և անարդար ազատազրկումը ցույց տվեցին, որ անպայն չէ ռազմագերի լինել Բաքվի բանտերում որպեսզի հայտնվես և բախվես հայատյաց համակարգի ճիրաններում։
Եթե Բաքվի բանտերում հայ ռազմագերիներն ապօրինի դատապարտված և զրկված են բոլոր իրավական և մարդկային իրավունքներից, ապա ինչպե՞ս կբացատրեք այն, ինչ կա և այն ինչ տեղի է ունենում Հայաստանում և Հայաստանի բանտերում։
Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տանք բոլորս։ Հիմա, երբ օր-օրի ավելացող ցավերն ու թուլացող տեսողությունս իմ բանտային առօրյայի մասն են դարձել՝ ավելի ու ավելի պարզ եմ տեսնում մարդկային ու ազգային արժեքների պակասն ու անհրաժեշտությունը պետական համակարգում։
Իշխանատենչ և անձնավորված քաղաքականության արդյունքում մեր պետությունը դարձել է անձնական և քաղաքական շահերի բախման պլացդարմ, որտեղ իրավունքը, Սահմանադրությունն ու արդարությունը հայտնվել են վերջին տեղերում կամ առհասարակ բացակայում են, ինչի բացասական հետևանքներն իր մաշկի վրա է զգում հայ ժողովուրդը և մեզանից յուրաքանչյուրը։
Ազատության, կյանքի և ապրելու իրավունքները չպետք է լինեն քչերի կամ ոմանց համար նախատեսված առավելություններ, այլ պետք է հասանելի լինեն բոլորին, հակառակ դեպքում ստացվում է, որ մինչ հասարակ ժողովուրդը հանուն հայրենիքի և հայոց պետականության զոհասեղանին է դրել իր կյանքն ու ազատությունը, քչերի համար այն վերածվել է առևտրի և հնարավորությունների շուկայի։
Մի օրինակ կբերեմ Աստվածաշնչից, որն իմ կարծիքով տեղին կլինի (Մարկոս 12։41-44).
«Հիսուսը գանձանակի մոտ նստած դիտում էր, թե ինչպես էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ և շատերը, որ հարուստ էին շատ էին գցում և մի աղքատ որբևայրի եկավ ու 2 լումա գցեց, որը 1 գրոշ է։ Նա աշակերտներին կանչեց իր մոտ և ասաց նրանց․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ որբևայրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուս բոլոր գցողները, որովհետև բոլորն էլ իրենց ավելցուկից գցեցին, մինչդեռ սա իր չքավոր վիճակում գտնվելով գցեց իր բոլոր ունեցածը՝ իր ամբողջ ապրուստը»։
Մենք հայերս, որպես քրիստոնյա ազգ չպետք է հեռանանք Աստծուց և պետք է ամուր պահենք մեր ազգային արժեքները, ինչևէ, չգիտեմ դեռ ինչքան կկարողանամ իմ խոսքն ու միտքը ձեզ հետ կիոսել, հաշվի առնելով իմ առողջական վիճակը և անարդար կալանքը, բայց կամփոփեմ այսպես՝ հանուն իմ հայրենիքի և ժողովրդի զոհաբերեցի ամեն ինչ և հմա ինձ միայն կյանքս է մնացել և ինչպես ասացի, ասելն անգամ դարձել է պայքարի միջոց։
Առողջ եղեք և Աստված ձեզ պահապան։
Բանտ
16․08․2026թ․,
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մեկնաբանություններ